Հատկապես վերջին երկու տարիներին Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում նաև քաղաքական և դիվանագիտական բալանսի էական փոփոխություն՝ հօգուտ Ադրբեջանի։ Երեկ Տաջիկստանի հետ է կնքվել ռազմավարական համագործակցության պայմանագիր, մինչ այդ՝ այլ երկրների, ինչը էականորեն բարձրացրել է Ադրբեջանի դերը և կշիռը տարածաշրջանում՝ ի վնաս Հայաստանի և հայկական շահերի։
Այսինքն, հիմա Հայաստանի կարևորագույն խնդիրը ոչ միայն ռազմական բալանսի վերականգնման խնդիրն է, այլև՝ քաղաքական և դիվանագիտական բալանսի։
Ադրբեջանը ունի դաշնակիցների բավականին մեծ շրջանակ, որը մեզ համար մարտահրավեր է, ուստի մենք, ռազմական բալանսի վերականգնմանը զուգահեռ, անհրաժեշտություն ունենք վերականգնելու նաև քաղաքական և դիվանագիտական բալանսը։
Այստեղ էլ ընտրությունը շատ մեծ չէ` մեր ապագա ռազմավարական խորությունը պետք է ձևավորվի առաջին հերթին տարածաշրջանում, հետո միայն՝ տարածաշրջանից դուրս։
Տարածաշրջանում թուրքական ազդեցությունը հավասարակշռող երկու դերակատարներ կան` Իրան և Ռուսաստան։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, ցավոք, այս պահին էականորեն բեկվել է դեպի թուրք-ադրբեջանական կողմը՝ հաշվի առնելով ռուսական առաջնահերթությունները այս պահին։ Եվ թերևս միայն Իրանն է, որ այս պահին ակնհայտ շահակից է մեզ, իսկ արտատարածաշրջանային դերակատարներից կարելի է առանձնացնել Հնդկաստանը, որպես հայկական շահերին այս պահին շահակից։
Ուստի հավասարակշռման առաջին հանգրվանը կարելի է տեսնել Հայաստան-Իրան-Հնդկաստան առանցքի ձևավորմամբ, մյուսը` Հայաստան-Վրաստան-Հունաստան-Ֆրանսիա։ Երկրորդ առանցքը, բնականաբար, չափազանց բարդ և պրոբլեմատիկ է, բայց՝ իրատեսական։
Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վերականգնվեն երկկողմ ձևաչափում` հիմնված երկկողմ շահերի և տարածաշրջանային համընկնող հետաքրքրությունների վրա` ռազմավարական համագործակցության ոգուն համապատասխան։
Այս երկու առանցքների ձևավորումը կարող է էականորեն փոխել տարածաշրջանային գեոպոլիտիկ քարտեզը և հիմք դառնալ տարածաշրջանում խախտված ռազմական բալանսի վերականգնման համար։
Սա կարևորագույն խնդիր է, որը լուծելով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության տեղը և դերը տարածաշրջանում և ընդհանրապես` միջազգային հարաբերություններում, որպես ինքնիշխան և հաջողված պետություն։
Արա Պողոսյան